Կառավարությունը 1,94 միլիարդ դրամ հատկացրեց «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատության ապահովմամբ: Մասնավորապես, նկատի ունենալով, որ 2024 թվականի մայիսի 31-ից հետո իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից՝ առաջարկվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1,94 մլրդ դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին:
Նշված գումարից 1,88 մլրդ դրամը կուղղվի 2024 թ. համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, իսկ 67,9 մլն դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց Հայրապետյանը։
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ուստի նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից՝ վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով (67,9 մլն դրամ):