Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ։ Այդ անձի՝ ԼՂ նախագահ դառնալուց 10-15 օր հետո է դա տեղի ունեցել, դա մի պրոցես էր, երբ նվազագույնը ՀՀ նախկին՝ երկրորդ և երրորդ նախագահները և նրանց թիմերը ողջունում էին ուրախությունից և ելույթի տեքստեր էին հրապարակում այն մասին, թե ինչքան լավ բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ տեղի է ունեցել այդ պալատական հեղաշրջումը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ունի ասելու այսօր ԼՂ բնակչությանը։
«Մեզ խոստանում էին, թե ահա, տեսեք, թե ինչ քաղաքականություն է վարվելու ԼՂ-ում։ Երկրորդ և երրորդ նախագահների թիմերը ընդամենը 10 օրում հաջողությամբ լուծարեցին ԼՂ բոլոր ինստիտուտները, որից հետո լուծարեցին նաև ԼՂ-ն։ Նրանք այնպիսի ճնշում էին գործադրում ՀՀ իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որ ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի ԼՂ տարածքը։ Բնականաբար, պատճառը մեկն էր, որ նրանք ունենային 100 հազար ավել կամ քիչ ցուցարար»,- ասաց Պապոյանը։
Հարցին՝ կցանկանար, որ հիմա Արցախի մերը լիներ, Պապոյանը պատասխանեց․ «Շատ բան կուզեի, բայց չեմ ցանկանում իմ ցանկությունների մասին խոսել։ Մեր խնդիրն է՝ շարժվել ռեալպոլիտիկով»։