Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է ապահովել հանրապետությունում շարժական կապի 5G տեխնոլոգիայի ներդրման և զարգացման աշխատանքների արդյունավետությունը: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024 թ. պետբյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար։ Օրինագծով նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրում, որը կնպաստի շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի զարգացմանն ու միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացմանը, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 300ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ (տրամադրման մասով) և 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք։
Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները, նպաստել ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը, Հայաստանում ձևավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը։ Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ընտրությունների պատշաճ կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովմանը և դրա նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ընտրական գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հենաշարժական (տեղաշարժման) խնդիր ունեցող անձանց մասնակցության մատչելիությանը։
Հավանության է արժանացել նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունմամբ, մասնավորապես, կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայության պետի և պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները., օրենսդրորեն կամրագրվի ծառայության փաստացի մասնակցությունն ազգային անվտանգության ապահովմանը և այլն: