Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 4,618,109,200 դրամ հատկացնել՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման իրականացման համար: Միջին նորոգման ենթակա ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 97,732կմ։
Գումարը կուղղվի հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար՝ Մ4-ից դեպի Պարզ լիճ 2.9 կմ, Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր 12.8 կմ, Ճամբարակից դեպի Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 14.0 կմ, Ոսկեպարից դեպի Բաղանիս 4.2 կմ, Ձորավանքից դեպի Այգուտ 7.54 կմ, Թթուջրից դեպի Ճամբարակ 6.2 կմ, Հարթավանից դեպի Երնջատափ 7.2 կմ, Ֆանտան-Ալափարս-Արզական ավտոճանապարհի և Չարենցավանի տրանսպորտային հանգույցի 11.5 կմ, Հոռոմ –Նոր Կյանք-Արթիկ ավտոճանապարհի 10.3 կմ, Ագարակից դեպի Ուջան 5.8 կմ, Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի ավտոճանապարհի 16.3 կմ: Աշխատանքները նախատեսվում են մեկնարկել և ավարտել 2024 թվականի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության ստանդարտների խնդրին: «Իհարկե, մենք պայմանավորվել ենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ստանդարտների հարցին հետևողական կլինի: Բայց մենք շատ ենք խոսում այն մասին, որ գերբեռնված մեքենաների առկայությունը մեր ճանապարհներին ազդում է ճանապարհների շահագործման տևողության վրա: Սակայն վերջերս ինձ ասում են՝ այն, որ ճանապարհները ալիքներ են ստանում, ոչ միայն գերբեռնված մեքենաների երթևեկելուց է, այլև, օրինակ՝ նրանից, որ մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է: Սա հարց է, որին պետք է ամենայն լրջությամբ և հատուկ ձևով անդրադառնանք»,- ասել է վարչապետը: