Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևն այսօր Արցախում էր․ ում հետ և ինչպես է «տոնել» Արցախի բռնազավթումը Բաքվի բռնապետը

17:10, 19 սեպտեմբեր 2024
Իլհամ Ալիևն այսօր Արցախում էր․ ում հետ և ինչպես է «տոնել» Արցախի բռնազավթումը Բաքվի բռնապետը

Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրել է ռազմական հարձակում շուրջ 9 ամիս շրջափակման արդյունքում արնաքամ եղած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ալիևի ռեժիմը բռնի տեղահանել է 120 հազար հայերի։ Բազմաթիվ հետազոտողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ այս քայլը, որն Ալիևն անվանել է «հակաահաբեկչական գործողություն», որակել են որպես պատմության 21-րդ դարի առաջին էթնիկ զտում։

 

Այսօր Իլհամ Ալիևը իր որդու՝ Հեյդար Ալիևի հետ է «տոնել» Արցախի բռնազավթումը։ Նա որդու հետ վաղ առավոտից եղել է օկուպացված Արցախում։ Ալիևը Աղդամի արդյունաբերական պարկում մասնակցել է մի քանի գործարանների բացմանը։ Ալիևը Աղդամում մասնակցել է նաև «Իմարաթ» անունը կրող մարզադաշտի հիմնարկեքին։


Այնուհետև Իլհամ Ալիևը այցելել է Ստեփանակերտ, որտեղ ծանոթացել է օկուպացիայից հետո կառուցվող  հյուրանոցներից մեկի աշխատանքներին։

 


Վերջին կանգառը եղել է հայկական Շուշին, որը 2020 թվականի պատերազմից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ։ Հայկական Շուշիում Ալիևը մասնակցել է «Դրոշ» անունը կրող հրապարակի և ադրբեջանցի մշակույթի գործիչներից մեկի, այսպես կոչված,  տուն-թանգարանի բացմանը։

 

Ադրբեջանի նախագահը դեռ հանդես չի եկել ուղերձով․ անցած տարի նա ժողովրդին դիմել է սեպտեմբերի 20-ին, երբ արդեն իսկ լիակատար վերահսկողություն էր հաստատել 9 ամիս շրջափակված, միջազգային դերակատարների և կառույցների կողմից անտեսված, միայնակ մնացած Արցախ աշխարհի վրա։