Հետևեք մեզ։

Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով

18:16, 19 սեպտեմբեր 2024
Իտալիայի հյուսիսում տարհանում են իրականացրել հեղեղումների պատճառով

Իտալիայում հեղեղումների պատճառով տարհանել են հյուսիսային Էմիլիա Ռոմանիայի մարզի հազարից ավելի բնակիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները։

Հորդառատ անձրևների պատճառով Ռավեննայի գավառի Սենիո և Լամոնե գետերը դուրս են եկել ափերից։ Հյուսիսային Իտալիայի մի քանի շրջաններում տեղատարափները հանգեցրել են սողանքների: Առավել դժվար իրադրություն է ստեղծվել Բոլոնիա, Ռավեննա, Ֆոռլի Չեզենա և Ռիմինի գավառներում։

 

Գիշերը Էմիլիա Ռոմանիայի մարզում դադարեցվել է գնացքների երթևեկությունը։

 

Սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևներ են տեղացել նաև Ադրիատիկ ծովի ափին գտնվող Մարկեի մարզում: Մարզի վարչական կենտրոնում՝ Անկոնայում, փողոցների մեծ մասը ստիպված են եղել փակել ջրածածկ լինելու պատճառով։

 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հյուսիսային մի շարք շրջաններում դպրոցները շարունակում են փակ մնալ։