Հետևեք մեզ։

Չդադարեցնել պայքարը, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

19:58, 19 սեպտեմբեր 2024
Չդադարեցնել պայքարը, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Սեպտեմբերի 19-ին լրանում է Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի գործադրած ցեղասպանության տարելիցը։ 2020թ․ սեպտեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբեր ժամանակահատվածը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում, այնուհետև պաշարում, ապա ահաբեկչական հարձակումներ և էթնիկ զտում ամբողջությամբ ցեղասպանական գործընթաց է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանը ինչպես 1990-ականների սկզբում, այնպես էլ 2020թ․ սեպտեմբերին և դրանից հետո Արցախի նկատմամբ իրականացրել է ռազմական գործողություններ, որոնք իրենց բնույթով ագրեսիա են։ Հետևաբար այդ գործողությունները զուրկ են լեգիտիմությունից։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում իրականացվել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնց դեպքում, ինչպես ցեղասպանության, վերահաս պատիժը վաղեմության ժամկետ չի ճանաչում։

 

Միջազգային երաշխավորությամբ Արցախի հայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման ապահովումը, Արցախին միջանկյալ քաղաքական կարգավիճակի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապի ապահովումը, Բաքվում պատանդարված հայ գերիների, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու հանցագործներին պատասխանատվության կանչելը, Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը այն նախադրյալներն են, որոնք պետք է առաջնորդեն հակամարտության քաղաքական կարգավորմանը։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանի համար կարևորում է հիմնախնդիրը միջազգային քաղաքական օրակարգի վրա պահելը և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ առանձին պետությունների դեպքում։

Համոզված ենք, որ միջազգային հարաբերությունների՝ ժամանակավոր բնույթ կրող ներկա վայրիվերումներից հետո, առավել լայն հնարավորություններ են բացվելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ պայքարը շարունակելու և  աշխատանքներ իրականացնելու համար։

Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ մեր կոչն է համայն հայությանը՝ չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական։