Մոլդովայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իգոր Գորգանին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին Hetq.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոլդովայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և հատուկ գործերով դատախազության մամուլի քարտուղար Էմիլ Գայտուրը:
«Դատախազների կողմից նախկինում հայտարարված գործում հայտնված անձին տրվել է մեղադրյալի կարգավիճակ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է <...> և, ըստ օրենքի, նա օգտվում է անմեղության կանխավարկածից մինչև դատարանի վերջնական որոշումը»,- հայտարարել է մոլդովացի պաշտոնյան։
TV8 հեռուստաալիքը, որը հրապարակել է դատախազության ներկայացուցչի մեկնաբանությունը, և ռուսական The Insider-ը, կարծում են, որ խոսքը Գորգանի մասին է:
Իգոր Գորգանին Մոլդովայի պաշտպանության նախարարությունից հեռացրել էին 2021 թվականին։ Երկու տարի անց նա սկսեց աշխատել Քիշնևում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով ներկայացուցչությունում (UNHCR-Moldova):
Այս տարվա հունիսին The Insider-ը և մոլդովական Маленькая страна պարբերականը հետաքննություն էին հրապարակել այն մասին, որ Գորգանը երկար տարիներ եղել է ռուսական ռազմական հետախուզության գործակալ։ Հրապարակման հիմքում Գորգանի նամակագրությունն էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության իր համակարգող՝ գնդապետ Ալեքսեյ Մակարովի հետ։
Մոլդովայի դատախազությունը քրեական գործ հարուցեց ազգային պաշտպանության հետ կապված տվյալների փոխանցման փաստով։ Գորգանը հերքում է բոլոր մեղադրանքները։