Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված հայտարարության կապակցությամբ:
Ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ստանալով հաստատում, որ նման հայտարարություն իսկապես հնչել է, Ռուբեն Վարդանյանը խնդրել է հանրության համար բաց ձևաչափով փոխանցել իր խոսքը (Ռուբեն Վարդանյանի խոսքը ամբողջությամբ՝ այստեղ)
Նա նախ նշել է, որ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
«Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի»,- նշել է Վարդանյանը և հիշեցրել, որ դեռևս 2018թ. գարնանը Փաշինյանին երեք կետ է ներկայացրել, որոնք պահպանել է ու շարունակելու է պահպանել.
«Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը: Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն: Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում ասել էր․ «Բոլոր այն որոշումները, որ կայացվել են՝ սկսած նախորդ տարի դեկտեմբերին, այդ թվում գերիների վերադարձի հարցով, շարունակած սահմանազատման գործընթացը, դրանք բոլորը ՀՀ-ի օգտին են այն ընկալմամբ, որ նաեւ Ադրբեջանի Հանրապետության օգտին են: Խաղաղությունը սա է, որովհետեւ մյուսը պատերազմի ռեժիմ է, որ մեկը պետք է հաղթի, մյուսը՝ պարտվի: Նշեցիք Ռուբեն Վարդանյանի դեպքը, բայց շատ կարեւոր հարցեր կան՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով ինչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում ինքը ով է, որովհետեւ ինքը ոնց որ թե այլ երկրի քաղաքացի է: Մենք ուզո՞ւմ ենք այս հարցերին պատասխան ունենալ, թե՞ չէ»: