Ռուսական նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ պլանները ռուսական բիզնես համայնքի վրա քաղաքական և հոգեբանական ճնշման տարրերից մեկն են, ամերիկյան արտաքին քաղաքականության զինանոցում մնում են միայն սպառնալիքներն ու ճնշումները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Սա մեր գործարար համայնքի, միջազգային հանրության վրա շարունակվող քաղաքական և հոգեբանական ճնշման տարրերից մեկն է։ Ուզում եմ բոլորին զգուշացնել ամերիկյան քայլերի նշանակությունը գերագնահատելուց։ Մեր էներգետիկ ոլորտի առանցքային հատվածները շատ երկար ժամանակ պատժամիջոցների տակ են: Այս պատժամիջոցները բացարձակապես ոչ լեգիտիմ են, դրանք բխում են ամերիկացիների անզորությունից, քանի որ նրանք իրենց համարում են աշխարհի տիրակալներ»,- ասել է նա գործակալության հետ զրույցում։
«ԱՄՆ արտաքին քաղաքականության զինանոցում ոչինչ չի մնացել, բացի պատժամիջոցներից, սպառնալիքներից, ճնշումներից։ Սա ամբողջովին քայքայված համակարգի արտացոլումն է, որն ի վերջո կփլուզվի»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դալիպ Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է էլ ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ ներառյալ համաշխարհային շուկա նավթի մատակարարումների ծավալը և դրա փոխադրումը։