Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանն էլ աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:
«Սմբատ Լպուտյանը հայ գրոսմայստեր է, որի առաջնորդությամբ շախմատը որպես առարկա ներդրվել է Հայաստանի դպրոցներում: Երկար տարիներ նա ղեկավարել է ՖԻԴԵ-ի Կրթական հանձնաժողովը՝ ամբողջ աշխարհում խթանելով շախմատային կրթության զարգացմումը: Այժմ ավելի քան 25 մլն երեխա մասնակցում է շախմատի կրթական ծրագրին, և ՖԻԴԵ-ն առաջիկա տարիներին մտադիր է այդ թիվը կրկնապատկել»,- ասվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Օլիմպիադայի եռակի հաղթող (2006թ, 2008 թ., 2012 թ.), Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնությունների ոսկե մեդալակիր (1999թ, 2011 թ.):
«Մեկ մարտիկը լավ է, բայց եթե ունես հիանալի թիմ, կարող ես շրջել աշխարհը»: Թեև ԽՍՀՄ թիմը կլիներ անպարտելի առաջատարը թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց կատեգորիաներում՝ ըստ Օլիմպիադաներում նվաճած մեդալների քանակի, ժյուրին որոշել է ընտրությունը կատարել ներկայում գոյություն ունեցող երկրների շրջանում: Հայաստանը գերազանցել է մյուսներին՝ հաղթելով երեք անգամ, իսկ Չինաստանը վերջին տասը տարում երկու ոսկե մեդալ է նվաճել»,- ասվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Պարգևատրումներն իրականացվել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում:
Մրցանակները ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը: