Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բոլոր բելառուսների և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
«Բելառուսին և Հայաստանին կապում են ամուր բարեկամական կապերը, ընդհանուր պատմությունը, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքները, մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերություն»,- ասվում է շնորհավորանքում։
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ստեղծված պայմաններում գոյատևելու և հաջող զարգացումը շարունակելու համար անհրաժեշտ է համախմբվել և համագործակցել։
«Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- ընդգծել է նախագահը։
Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատրյանին մաղթել է քաջառողջություն և արդյունավետ աշխատանք պետական պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարություն և բարօրություն: