Հետևեք մեզ։

Այս շարժումն անձերի, կուսակցությունների, կազմակերպությունների մասին չէ, այլ Հայրենիք ու Պատիվ ունենալու և Հաղթանակի մասին է. Բագրատ Սրբազան

17:51, 22 սեպտեմբեր 2024
Այս շարժումն անձերի, կուսակցությունների, կազմակերպությունների մասին չէ, այլ Հայրենիք ու Պատիվ ունենալու և Հաղթանակի մասին է. Բագրատ Սրբազան

«Ո՛վ Տեր, զորություն տուր Քո ծառային, պահպանիր աղախնուդ որդուն, և ինձ բարության նշան ցույց տուր։ Թող իմ և մեր ատելիները տեսնեն և ամոթահար լինեն, որ Դու՝ Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր մեզ։ 

Աստված, անօրենները հարձակվեցին մեզ վրա, բռնակալների ամբոխները հետապնդեցին ինձ և Քեզ իրենց առջև Աստված չհամարեցին։ 

Դու՝ ո՜վ Տեր, օգնեցիր ու մխիթարեցիր մեզ, առաջնորդիր ինձ Քո ճանապարհով, որ կարողանամ ընթանամ Քո ճշմարտությամբ և սիրտս ուրախանա՝ ակնածելով Քո անունից» (Սաղմոս 85:16-17, 14, 11)։ Սրբազան Շարժման մեծ հավաքին իր ելույթն այսպես մեկնարկեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 

«Իմ շա՛տ սիրելի ժողովուրդ, հավատարիմ և հարազատ մարդիկ, հայրենիք ու պատիվ ունեցող մարդիկ, մեր Սրբազան պայքարի հզոր մարդիկ,  այս ընթացքում անցել եք զանազան զրկանքների, հալածանքների, կալանավորումների, բռնաճնշումների, վիրավորումների միջով, բայց չեք ընկճվել, չեք հուսահատվել, չեք կասկածել ու տատամսել։

 

Ընդհակառակը՝ ավելի եք զորացել, ավելի եք լցվել կամքով, համբերությամբ, համառությամբ, որովհետև այս պայքարն ու շարժումն անձերի, կուսակցությունների, կազմակերպությունների մասին չէ, այլ Հայրենիք ու Պատիվ ունենալու և Հաղթանակի մասին է։

 

Այս ամբողջ պայքարի ընթացքում իմ ծնկաչոք աղոթքն է եղել մեր հաղթանակած Տիրոջը՝ թույլ չտալ հուսախաբվելու և հուսախաբելու, հուսահատվելու և հուսահատեցնելու, կասկածելու և կասկածվելու, մոլորեցնելու և մոլորեցվելու, չշեղվելու ճշմարտության և արդարության ճանապարհներից, չսարսափել այն ահռելի քանակի լուտանքներից, զրպարտություններից, հայհոյանքներից և ատելությունից, ուրացումներից, դավաճանություններից և ներքին հարվածներից, որոնք ոչ թե խարխլել, այլ առավել զորացրել են, առավել ամրացրել ու առավել իմաստնացրել են՝ առիթ դառնալով ինքնամաքրման և ինքնասրբագրման։

 

Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, այս մեծ պատվի և ճանապարհի համար, որը կերազեր ունենալ յուրաքանչյուր մահկանացու, յուրաքանչյուր մարդ, ինչպիսին որ դուք եք, իմ սիրելի՛ հարազատներ»,-ասաց նա։