Այս պայքարը սկսվել է «Տավուշը հանուն հայրենիքի» անունով՝ Կիրանցից, Ոսկեպարից, Բաղանիսից և շատ շուտով դուք այն վերանվանեցիք «Սրբազան Պայքար», որի առանցքն է Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստված։ Սրբազան շարժման մեծ հավաքին ելույթ ունենալիս ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այս պայքարը ծնունդ առավ հայրենահանձման հանցագործությունը կանխելու և վերջ դնելու համար՝ գաղափարական հենք ունենալով Հաշտության, Ճշմարտության և Արդարության համար պայքարի հավատամքը՝ ընդդեմ ստի և կեղծիքի, թշնամության և ատելության՝ հստակ համոզումով, որ
Ճշմարտությունը հաղթելու է ստին,
Արդարությունը՝ կեղծիքին,
Հաշտությունը՝ թշնամությանը,
Բարիքը՝ չարիքին,
Սերը՝ ատելությանը, և հետևաբար,
Հոգին ՝ «դուխին»,
Իրական Հայաստանը՝ ֆեյսբուքյան Հայաստանին,
Տաճարը՝ փողոցին,
Եռագույնը՝ սև ու սպիտակին,
Եվ վերջապես, Հոգևոր Հայաստանը՝ «նոր Հայաստանին»։
Հետևաբար, մեր պայքարը մնալու է ոչ միայն չարիքին իշխանազրկելու, այլև և հատկապես արժեքային և քաղաքակրթական փոփոխություններ բերելու առաքելության մեջ, որում իշխանազրկումը փոքր բաղադրիչ է, բայց մեծ խոչընդոտ»,-նշեց նա։
«Այսօր՝ այս պահին այլևս ավելորդ եմ համարում անդրադառնալ այն անթիվ, անհամար մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին, սոցիալական անարդարության դրսևորումներին, բոլոր կոռուպցիոն ռիսկերին, բազմաբնույթ ստերի շքերթին, Հայրենիքի՝ Արցախ աշխարհի կորստին, արցախցի մեր քույրերի և եղբայրների զրկանքներին, հազարավոր զոհերին, անհայտության մեջ գտնվողներին և մեր հերոսների անթաղ մարմիններին, գերության և պատանդառության մեջ գտնվող եղբայրներին և ռազմաքաղաքական ղեկավարությանը, իրավապահ համակարգի ապօրինություններին, որոնց գագաթնակետ, ամոթի և խարանի «թագն ու պսակը» հունիս 12-ի վայրագությունը և սեփական ժողովրդի դեպ զենքի կիրառումն էր։
Հունիսի 12-ն ամբողջությամբ և վերջնականապես բացահայտել է նեռի և իր գործակալների արյունատենչ և ժողովրդասպան դեմքը։
Հայտնեմ ձեզ, որ մենք իրավական գործընթացներ ենք սկսել և հետապնդելու ենք մինչև վերջ՝ հասնելու այս հանցագործությունն իրականացնողների խստագույն պատժին՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի հովանավորություն են նրանք վայելում այսօր»,-ընդգծեց նա։