Հետևեք մեզ։

Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարների հանդիպումը

00:12, 24 սեպտեմբեր 2024
Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում:

 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսություն և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը շարունակել համատեղ քայլերով երկկողմ օրակարգը հարստացնել նոր ոլորտներով: Այս համատեքստում մատնանշվել են հատկապես զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտները, որոնց ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու նպատակով Հայաստանը և Մոնտենեգրոն ձևավորում են համապատասխան իրավապայմանագրային դաշտ:

 

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են ԵՄ հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով ԵՄ հետ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների, վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության և օրակարգային այլ հարցերի շուրջ:

 

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին: