Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում բռնության աճի առնչությամբ և նշել, որ դա կարող է ազդել տարածաշրջանային կայունության և խաղաղ բնակչության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է G7-ի ԱԳ նախարարների հայտարարության մեջ։
«Գործողությունները և դրանց պատասխանը կարող են մեծացնել բռնության այս վտանգավոր պարույրը և ամբողջ Մերձավոր Արևելքը ներքաշել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության մեջ` աներևակայելի հետևանքներով», - հայտարարել են G7-ի արտգործնախարարները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպումից հետո։
Նրանք կոչ են արել դադարեցնել ներկայիս կործանարար շրջանը՝ ընդգծելով, որ «ոչ մի երկիր չի շահի Մերձավոր Արևելքում իրադրության հետագա սրումից»:
Մեծ յոթնյակի ԱԳ նախարարները նաև մտահոգություն են հայտնել Գազայի հատվածի բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի առնչությամբ և ողջունել ԱՄՆ-ի, Եգիպտոս և Կատարի միջնորդական ջանքերն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի հասնելու ուղղությամբ: