Խաղաղության առաջնահերթ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ հանդիպմանը։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի միջև երկկողմ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Բայրամովը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացի առաջընթացի, ինչպես նաև առկա մարտահրավերների մասին։
Կողմերն ընդգծել են կլիմայի փոփոխության դեմ պայքարում համագործակցության հեռանկարներից օգտվելու կարևորությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը հյուրընկալելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ։