Հետևեք մեզ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին

19:02, 24 սեպտեմբեր 2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին
Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն:
 
 
 
Նախարարը անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Լոռու մարզի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագրին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։
 
 
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը նշել է՝ Հայաստանն իր համար առաջնահերթ ուղղություն է դիվանագիտական առաքելություն իրականացնելու տեսանկյունից:
 
 
Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու առկա համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: