Հետևեք մեզ։

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» ավիակիրն ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արևելք

20:20, 24 սեպտեմբեր 2024
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» ավիակիրն ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արևելք

Ամերիկյան ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» ատոմային ավիակիրը դուրս է եկել Վիրջինիայի նահանգի Նորֆոլքի ռազմակայանից և ուղևորվել Մերձավոր Արևելք: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է USNI News-ը։

 

«Հարի Թրումենը» հրթիռային հածանավի և ավիակիր հարվածային խմբի երկու կործանիչների հետ միասին կտեղակայվի Արևելյան Միջերկրածովյան շրջանում` տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրադրության ֆոնին:

 

Ներկայում Մերձավոր Արևելքում՝ Օմանի ծոցի շրջանում, արդեն գտնվում է ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորությամբ, որի կազմում կա երեք հրթիռային կործանիչ նավ։

 

Բացի այդ, Կարմիր ծովի շրջանում մարտական ​​հերթապահություն է իրականացնում ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջիա» միջուկային սուզանավը, որը կարող է կրել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռ, ինչպես նաև երկու հրթիռային կործանիչ նավ։

 

Պենտագոնի տվյալներով՝ ներկայում Մերձավոր Արևելքում գտնվում է շուրջ 40 000 ամերիկացի զինվորական և տասնյակ մարտական ​​ինքնաթիռներ։