Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան, Երևան քաղաքի Բաղրամյան 3, Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան» և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գրողների ստեղծագործական տան հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերը:
«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ:
Խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման՝ վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում: