Ադրբեջանական բռնապետական քարոզչամեքենան թեև դանդաղորեն, սակայն դաշտ է նետում Հայաստանից փոխհատուցում պահանջելու թեման։ Տեղական ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում այս թեմային անդրադարձել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։
Նա մասնավորապես նշել է, «թե սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերջնական փուլում սահմանի և հաղորդակցության հարցը կարող է լիովին լուծվել, իսկ դրանից հետո հումանիտար խնդիրները կդառնան ավելի արդիական»։
«Տարբեր հումանիտար հարցեր պետք է լուծվեն, առաջինը քաղաքական պատասխանատվությունն է։ Այսինքն՝ կոնֆլիկտ է տեղի ունեցել, և ով է այստեղ քաղաքական պատասխանատվություն կրում, պետք է արտացոլվի շրջանակային համաձայնագրում։ Բանակցությունների միջոցով Հայաստանը կարող է ընդունել իր պատասխանատվությունը որպես պետություն և փոխհատուցում տալ Ադրբեջանին»։
Բաքվի նախկին արտգործնախարարը նշել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցում վճարել բանակցությունների միջոցով, ապա Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան։
Թոֆիգ Զուլֆուգարովը նշել է, որ եթե լինեն ուղիղ բանակցություններ, կարող են տարբեր որոշումներ կայացվել, այդ թվում՝ տարածքային փոխհատուցում. «Եթե փոխհատուցման հարցը լուծվի միջազգային դատարանների միջոցով, այլ տարբերակներ հնարավոր չեն լինի։ Եթե փոխհատուցման գումարը հնարավոր չլինի վճարել, ապա երկրորդ փուլում Հայաստանը կարող է տարբեր տարբերակներ առաջարկել։ Այսինքն, եթե Հայաստանը տեսնի, որ փոխհատուցման պահանջվող չափը մեծ է, հողի փոխհատուցումը կարող է առաջանալ բանակցությունների միջոցով։ Բայց նախ պետք է այս թեման բարձրացնել»։