Հետևեք մեզ։

Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

12:25, 25 սեպտեմբեր 2024
Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակեպած միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ և ընդգծել, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, որոնք հիմնված են դարավոր մշակութային կապերի, ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

«Ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ արդյունավետ համագործակցությունը տեղափոխվեց ռազմավարական գործընկերության մակարդակ, որը մեր երկրների և ժողովուրդների միջև առկա հարաբերությունների և բարեկամության տրամաբանական ընդլայնումն է»,- ասել է Պապուաշվիլին։

Նա կարևորել է խաղաղությունը Հարավային Կովկասում՝ նշելով, որ տարածաշրջանում կայունության և զարգացման խթանումը բխում է բոլոր երեք երկրների շահերից, և Վրաստանը միշտ պատրաստ է եղել և կլինի նպաստել դրան։

«Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Հայաստանին մաղթում եմ խաղաղ և հաջողակ ապագա»,- խոսքն ավարտել է խորհրդարանի նախագահը։

Միջոցառմանը մանակցել են նաև Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամներ՝ Գիորգի Վոլսկին, Մակա Բոճորիշվիլին, Նիկոլոզ Սամխարաձեն, Սոզար Սուբարին, Սամվել Մանուկյանը և Սմբատ Կյուրեղյանը։