Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հաստատել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռացումը Բայդենի վարչակազմի պաշտոնական ընդունելության հրավիրվածների ցուցակից։
Խորհրդարանի խոսնակը լրագրողներին տված իր հայտարարության մեջ Բայդենի վարչակազմի այս քայլը որակել է անլուրջ և Վրաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձ։
«Հաջորդ օրը հետ են կանչել իրենց ուղարկած հրավերը։ Նման պահվածքն ընդհանրապես անլուրջ է։ Այն, ինչ մենք տեսանք վարչակազմից, առաջին հերթին վիրավորանք է Ամերիկայի և նրա ժողովրդի համար: Մյուս կողմից, երբեմն նման գործողությունները, որքան էլ անհասկանալի լինեն, ընդդիմության վիճակի ուղղակի ցուցիչ են։ Ընդդիմության վիճակն այնքան ողբալի է, որ նույնիսկ ԱՄՆ վարչակազմը չի խուսափում ոչ ստանդարտ գործողություններից՝ ընդդիմությանը խոսելու բան տալու համար։
Ցավոք սրտի, սա երկրի ներքաղաքական միջամտության դրսեւորումներից է։ ԱՄՆ վարչակազմը տարիներ շարունակ մեզ անվանում է ռազմավարական գործընկեր, նրանք պետք է գոնե հյուրընկալություն սովորեն վրաց ժողովրդից»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։