ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռուսաստանին խաղաղության պարտադրելու» վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը համարել է ճակատագրական սխալ՝ նշելով, որ այդ մոլորությունն անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս Զելենսկին քննադատել էր «աշխարհում» նրանց, ովքեր «ցանկանում են խոսել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հակամարտության կարգավորման շուրջ։ Իր ելույթում Զելենսկին կրկին հանդես է եկել հակամարտությունը լուծելու համար իր «խաղաղության բանաձեւի» օգտագործման օգտին։
Նա նաև կոչ է արել «պատրաստել երկրորդ խաղաղության գագաթնաժողովը» Ուկրաինայում՝ վերջ դնելու Ռուսաստանի հետ հակամարտությանը, սակայն չի հստակեցրել, թե ինչ է քննարկվելու դրանում։ Զելենսկին նաև հրավիրել է Չինաստանին, Բրազիլիային, Ասիայի, Լատինական Ամերիկայի, ԱՄՆ-ի և այլ երկրների՝ մասնակցելու հակամարտության կարգավորման գործընթացին։
«Իմ տեսանկյունից, նման դիրքորոշումը ճակատագրական սխալ է, համակարգային սխալ, սա ամենախորը մոլորությունն է, որն, իհարկե, անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի ռեժիմի համար»,- ասել է Պեսկովը: