Առանձնապես խնդիր չեմ տեսնում, հրավեր է եղել և հանդիպումն էլ կայացել է։ Hayastan.news-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Նյու Յորքում Թուրքական տուն այցելած Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպմանն, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«30 տարի և ավելի է Թուրքիան ճնշում է, իսկ Հայաստանը ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ ոչ թե բարիդրացիական, այլ նորմալ հարաբերություններ։ Համոզված եմ, որ հրավերը եղել է հենց Էրդողանի կողմից, քանի որ այդ հանդիպումը առաջին հերթին անհրաժեշտ էր նրան։ Նա ցանկանում է ցույց տալ, որ Հարավային Կովկասում Թուրքիան իշխող ուժ է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայի նշանակությունն իրականում այդքան էլ մեծ չէ, որքան ջանում է ցույց տալ Էրդողանը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը, հավելելով, որ Թուրքիան հավակնություն ունի տեղ գրավել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր կազմի մեջ։
Հարցին, թե ո՞րն է Էրդողանի գիրք նվիրելու մեսիջը՝ թուրքագետը պատասխանեց․
«Էրդողանը 2011թ-ից միշտ կրկնում է, որ «աշխարհը ավելի մեծ է, քան 5-ը»` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմը։ Պատահական չէ, որ գիրքն էլ նվիրել է, քանի որ գրքի մեջ էլ խոսում է այդ մտքի մասին։ Գիրքն էլ նվիրել է, որ Էրդողանն իրեն «լավ զգա», նկատի ունենալով, որ Թուրքիան աշխարհի հզոր պետություններից մեկն է։ Էրդողանը հույս ուներ, որ 2023 թ-ին Թուրքիայի պետության 100-ամյակին Թուրքիան հանդես կգա որպես հզոր պետություն։ Բայց իրողությունը այլ է և Թուրքիան այդպես էլ չդարձավ հզոր պետություն, մնաց միջին պետություն՝ իր բազմաթիվ խնդիրներով»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։