«Ազատությունը» գրում է. Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը» նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Պարզ չէ՝ հանդիպման նախաձեռնությունը հայկական, թե թուրքական կողմինն էր։
Հայաստանի կառավարությունը միայն տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։
Փաշինյանն ու Էրդողանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Կողմերը դարձյալ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը:
Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին նաև տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:
Մինչդեռ թուրքական կողմն ընդամենը երկու նախադասությունից բաղկացած հակիրճ տեղեկություն է տարածել հանդիպման մասին։ Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքէջը միայն տեղեկացնում է, որ նախագահ Էրդողանը «Թուրքիայի տան» նստավայրում է հանդիպել Հայաստանի վարչապետին և որ Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։ Էրդողանն իր այդ գրքում կոչ է անում վերափոխել միջազգային կառույցները և մասնավորապես ՄԱԿ-ը։
Ի դեպ, Հայաստանի կառավարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշում, թե հանդիպումը որտեղ է կայացել, ինչպես նաև բացակայում է Փաշինյանին գիրք նվիրելու տեղեկությունը։ Տարբեր է նաև հրապարակված լուսանկարների բովանդակությունը։ Թուրքական կողմի լուսանկարներից մեկում կողք կողքի Էրդողանն ու ժպտացող Փաշինյանն են, որի ձեռքին Թուրքիայի նախագահի գիրքն է։
Իսկ հայկական կողմի լուսանկարներից մեկում Փաշինյանը Էրդողանին է նվիրում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։