Սեպտեմբերի 23-ին Կիևում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, զինվորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, լրագրողներ։
Իր ողջույնի խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը նշել է.
«Մեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին՝ կառավարության հաշվետվողականությանը, մարդու իրավունքների հարգմանը և օրենքի գերակայությանը, միայն կառավարման խնդիր չէ, այն հիմքն է, որի վրա հենվում է մեր ազգերի ինքնիշխանությունը:
Ե՛վ Հայաստանում, և՛ Ուկրաինայում ժողովրդավարությունը ամենօրյա ջանք է, գործ, որին ձգտում են մեր ժողովուրդները՝ նույնիսկ ահռելի մարտահրավերների պայմաններում:
Ժողովրդավարությունը և եվրոպական նկրտումները մեր ընդհանուր հավակնություններն ու նպատակներն են, և մենք վստահ ենք, որ միասին կարող ենք հասնել դրանց, քանի որ դրանք ոչ միայն մեր կառավարությունների առաջնահերթություններն են, այլ նաև մեր ժողովուրդների հստակ արտահայտված ձգտումները»։