Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր (MoU) են ստորագրել, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։
Այն համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը ստորագրել են հուշագիրը և նշել համատեղ ջանքերի մասին, որոնք նպատակ ունեն ապահովելու ոլորտի միջազգային փորձագիտական համայնքի ներգրավվածությունը։