Հետևեք մեզ։

Կարմիր բլուրում դամբարաններ են հայտնաբերվել․ պեղումներին մասնակցում է Էրմիտաժի արշավախումբը

19:13, 25 սեպտեմբեր 2024
Կարմիր բլուրում դամբարաններ են հայտնաբերվել․ պեղումներին մասնակցում է Էրմիտաժի արշավախումբը
Սույն թվականի սեպտեմբերի 7-ից Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի տարածքում գտնվող նշանավոր Կարմիր բլուր հնավայրում պեղումներ է իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի հնագիտական արշավախումբը, որը հայկական կողմից համաղեկավարում եմ ես, իսկ ռուսական կողմից՝ հնագետ, Սանկտ-Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն: Այդ մասին ֆեյսբուքյւան էջում գրում է հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը․ 
 
 
«Ներկայումս ընթացող պեղումների արդյունքում հայ-ռուսական արշավախմբի կողմից ֆիքսվել է արդեն երկու դամբարան: Այս դամբարանները նոր երևույթ են Կարմիր բլուրի համար: Դրանք բաղկացած են կրոմլեխից՝ մոգական շրջանակից, դամբանախցից, որը ծածկվել է դամբանասալերով, այնուհետև դամբարանը պատվել է զրահով: Պետք է նշել, որ նման դամբարաններ Կարմիր բլուրում հայտնաբերվում են առաջին անգամ:
 
 
Երեկ և այսօր պեղվեց գտնված դամբարաններից մեկը: Արդյունքները խիստ տպավորիչ են: Բացվել է աջ կողմի վրա, կծկված վիճակում գտնվող տղամարդու թաղում: Վերջինս, ամենայն հավանականությամբ, եղել է սոցիալական բարձր դիրք ունեցող անձնավորություն, ըստ երևույթին՝ խիստ բարձր հեղինակություն ունեցող զինվորական: Այդ է վկայում նրա հետ դրված ուղեկցող նյութը: Այսպես, հայտնաբերվել են վեց սափորներ՝ այդ թվում՝ մեկ ծորակավոր անոթ, բրոնզե նիզակ, բրոնզե խարսխաձև սակր, բրոնզե մանգաղատիպ դանակ, բրոնզե ապարանջան, երկաթե դաշույն, երկաթե «բիզ», ուլունքատիկներ: Անչափ ուշագրավ է, որ Կարմիր բլուրում մինչ օրս պեղվել է շուրջ 300 դամբարան, բայց երբեք չէր գտնվել սակր: Հիմա մյուս հետաքրքիր դրվագի մասին: Ֆիքսվեց նաև հանդերձյալի բրոնզե «պորտյուպեն»՝ իր բրոնզե շրջանաձև ամրակապով: Ֆիքսվեցին փայտի և կտորների մնացորդներ:
 
Ելնելով պեղված նյութից և հնագիտական կոնտեքստից՝ դամբարանը նախնականորեն կարելի է թվագրել Ք. ա. 13-11-րդ դարերով»։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները