Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի՝ «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Գրիգոր Եփրեմյանի գլխավորությամբ։
Փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են 2 մոխրացած դի։ «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։