Հետևեք մեզ։

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

11:39, 26 սեպտեմբեր 2024
Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը. Կոբախիձե

Վրաստանը կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը՝ շնորհիվ կառավարության պրագմատիկ քաղաքականության։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթում։

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված և հավատում ենք, որ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու Վրաստանի ցանկությունը կիրականացվի մինչև 2030 թվականը»,- ասել է Կոբախիձեն։

Նա նաև խոստացել է շարունակել գործընկերների հետ համատեղ ջանքերը՝ «խաղաղաշինության և կայուն զարգացման ապահովման համար»: Կոբախիձեի խոսքով՝ «Վրացական երազանքը» աշխատում է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի հպարտանա իր երկրով:

«Մենք գիտակցում ենք խաղաղության գինը: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, հակամարտության գոտուց վերածենք հնարավորությունների տարածաշրջանի»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Անդրադառնալով Ուկրաինայի հակամարտությանը՝ Կոբախիձեն հավաստիացրել է, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: