Հետևեք մեզ։

Ֆինլանդիայի կենդանաբանական այգին պանդաներին վերադարձնում է Չինաստան, քանի որ դրանց պահելը շատ թանկարժեք է

11:52, 26 սեպտեմբեր 2024
Ֆինլանդիայի կենդանաբանական այգին պանդաներին վերադարձնում է Չինաստան, քանի որ դրանց պահելը շատ թանկարժեք է

Ֆինլանդիայի կենդանաբանական այգիներից մեկը Պեկինի հետ համաձայնության է եկել երկու հսկա պանդաներին նախատեսվածից 8 տարի շուտ Չինաստան վերադարձնելու շուրջ, քանի որ դրանց պահելը բավական թանկ արժե՝ հատկապես այցելուների թվի կրճատման պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Մասնավոր «Ահթարի» կենդանաբանական այգին, որը գտնվում է մայրաքաղաք Հելսինկիից մոտ 330 կմ դեպի հյուսիս, հայտնել է, որ պանդաները Չինաստան կվերադարձվեն այս տարվա վերջին։

Պանդաների զույգին Չինաստանը նվիրել էր 2017 թվականին՝ Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի կապակցությամբ։ Դրանք պետք է այնտեղ մնային մինչև 2033 թվականը։ Սակայն կենդանաբանական այգու այցելուների թիվը նվազել է, ինչն, ըստ հաստատության հայտարարության, պայմանավորված է 2020 թվականի կորոնավիրուսի համավարակով, ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ինչպես նաև ինֆլյացիայի և տոկոսադրույքների աճով։ 

«Ահթարի» կենդանաբանական այգին հատուկ պանդաների համար տարածք էր պատրաստել, որն արժեցել էր մոտ 8 միլիոն եվրո՝ հույս ունենալով գրավել մեծ թվով զբոսաշրջիկների։ Պանդաները կենդանաբանական այգի էին ժամանել 2018 թ. հունվարին։

Պանդաներին պահելու համար կենդանաբանական այգին ծախսում էր տարեկան մոտ 1,5 միլիոն եվրո։ Հնդկեղեգը, որ ուտում են պանդաները, բերվում է Նիդեռլանդներից։ 

Հելսինկիում Չինաստանի դեսպանությունը հայտնել է, որ Պեկինը փորձել է կենդանաբանական այգուն օգնել հաղթահարել իր ֆինանսական դժվարությունները՝ այդ թվում կոչ անելով Ֆինլանդիայում գործող չինական ընկերություններին նվիրատվություններ կատարել։ Այնուամենայնիվ, ֆինանսական բեռը շատ մեծ է եղել ֆիննական կենդանաբանական այգու համար։ 

Հոկտեմբերին պանդաները մեկ ամսով կպահվեն կարանտինում, որից հետո կուղարկվեն Չինաստան։