ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկերների հետ:
Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիա Գոմեսի հետ քննարկել են սրտանոթային խնդիրների կանխարգելման և բուժման մոտեցումները` համադրելով իսպանական և հայաստանյան փորձը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում գործակցության զարգացմանը և կապերի խորացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել հուշագիր և առավել ակտիվացնել երկու երկրների բժշկական համայնքի փոխադարձ այցերն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալի հետ մտքեր են փոխանակվել ճգնաժամային պայմաններում առողջապահական համակարգի մարտահրավերների, դրանց արագ արձագանքման, բուժօգնության օպերատիվ կազմակերպման հարցերի շուրջ:
Հանդիպմանը խոսվել է նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության թեմայի շուրջ` որպես համաշխարհային առողջապահական հիմնախնդիր:
Շվեդիայի առողջապահության նախարար Աքկո Անկարբերգ Յոհանսոնի հետ քննարկման հիմնական կետերն են եղել առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը միտված աշխատանքները: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել այս ոլորտում Հայաստանում կատարվող աշխատանքները, կարևորվել է առաջնային բուժօգնության կազմակերպման շվեդական հաջողված փորձը:
Լիտվայի գործընկերոջ` Աուրիմաս Պեչկաուսկասի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ոլորտային մի շարք հարցերի` կարևորելով նեղ մասնագետների միջև փորձի փոխանակման շարունակական ապահովումը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը, ընդգծելով Շվեդիայի և Իսպանիայի հաջողված փորձը առողջության համապարփակ ծածկույթի` որպես սոցիալական արդարության և հասանելի բուժօգնության մոդելի, գործընկերների հետ փոխանակել է մտքեր և ներկայացրել ընթացիկ աշխատանքները: