Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծին:
Օրինագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծում իրականացվել են որոշ փոփոխություններ ու լավարկումներ: Առաջին կետը վերաբերում է կապիտալ ծախսերի՝ հաջորդ բյուջետային տարիներ տեղափոխելու մեխանիզմին: Երկրորդ կետը վերաբերում է բազմամյա պարտավորությունների գծով տեղեկատվությանը: Նախագծում առանձին հավելվածով կներկայացվեն 2025 թ. պետական բյուջեում ներառված այն միջոցառումները, որոնք ունեն հստակ սահմանված ավարտի ժամկետ, հավելվածով կբացահայտվեն այդ միջոցառումների բովանդակությունը, մեկնարկի և ավարտի տարեթվեր, ընդհանուր և մնացորդային արժեքներ, ինչպես նաև 2025 թվականին նախատեսվող ծախսերի մեծություններ: «Դա հնարավորություն կտա ԱԺ բյուջետային քննարկումներում ծախսային միջոցառումները՝ ինչպես նախկինից շարունակվող, այնպես էլ նոր մեկնարկող, դիտարկել ողջ կենսացիկլի մեջ՝ հաշվի առնելով դրանց ֆիսկալ ազդեցությունը հետագա տարիների վրա»,- ասել է նախարարը:
Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև հիմնական ֆինանսական ցուցանիշներին: Ըստ այդմ՝ 2025 թ. ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 50 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,6 տոկոս, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 760 մլրդ դրամ: Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 2024 թ. հաստատված բյուջեի համեմատ՝ 0,1, իսկ 2024-ի սպասողականի համեմատ՝ 0,7 տոկոսային կետով՝ հասնելով Կառավարության ծրագրով սահմանված 25 տոկոս թիրախին: Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 482 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 749 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733 մլրդ դրամ: Ընդ որում՝ կապիտալ ծախսերը նախատեսվում են պատմական մակարդակներից զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար: Ըստ նախարարի՝ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025-ին կհասնի 6,6 տոկոսի, ծախսային քաղաքականությունը կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության լրացուցիչ նախաձեռնություններով և համակարգային բարեփոխումներով ուղղված է լինելու մարդկային կապիտալի առավել արդյունավետ զարգացմանը և իրացմանը, իսկ պետական ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ կրթական և նախակրթական հաստատություններ, ճանապարհներ, ջրամբարներ և այլն, ներդրումներ իրականացնելու միջոցով ֆիզիկական կապիտալի կուտակմանը: Վահե Հովհաննիսյանը նշել է նաև, որ ծախսային քաղաքականությունը միտված է լինելու նաև պաշտպանական համակարգի ամրապնդմանը՝ բարձրացնելով երկրի դիմադրողականությունը հնարավոր ռիսկերի հանդեպ: Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ: «2025 թվականի առկա բյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետբյուջեի պակասուրդը, որը աճում է մինչև 5,5 տոկոսի 2025 թվականին՝ այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3 տոկոսի մակարդակի: Արդյունքում Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025-ի վերջում կկազմի 53,5 տոկոս»,-ասել է Ֆինանսների նախարարը :
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախագծի շուրջ մնացած քննարկումները կլինեն Ազգային ժողովում: