Հետևեք մեզ։

Հաստատվել է ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը

17:27, 26 սեպտեմբեր 2024
Հաստատվել է ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը

Կառավարության որոշմամբ ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագիրը, որն իրականացվում է սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով: Ըստ այդմ՝ սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։ Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թ. ծրագրի իրականացման համար հատկացնել 988 933.7 հազար դրամ։ Սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

Գործադիրը հաստատել է նաև Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը, որում ներառվել է 19 միջոցառում: Միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է`Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, գոմաղբի կուտակման նպատակով գոմաղբամբարների կառուցում և այլն: