Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 26-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։
Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցեր, և այս համատեքստում պետության ստանձնած պարտավորությունները։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը պատշաճ մակարդակի հասցնելու առումով Եվրոպայի խորհրդի հետ բովանդակային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է, և այն շատ կարևոր է պետության ներսում իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից։
«Ցավոք, ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի երաշխավորման հետ կապված տարբեր խնդիրները դեռևս ամբողջական լուծում չեն ստացել։ Հարցի լուծմանն անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի մշակման և իրացման անհրաժեշտությունը, որի շնորհիվ յուրաքանչյուր դեպքի հանգամանքների ուսումնասիրության և այլ դեպքերի հետ համադրության արդյունքում հնարավոր կլինի հասնել խնդրի համակարգային լուծման: Կանխարգելման գործառույթ ունեցող կառույցները պետք է լինեն խիստ պրոֆեսիոնալ։ Այս առումով շատ կարևոր է նաև սպա-հոգեբանի, սպա-իրավաբանի արդյունավետ աշխատանքը ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Բացառիկ կարևորություն ունի նաև նշված գործերով արդյունավետ և պատշաճ քննության իրականացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը։