Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը երեկ 21։00-ից Շուշիի մոտ արգելափակել է ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռ մատակարարող խաղաղապահների մեքենաների տեղաշարժը

12:12, 29 ապրիլ 2023
Ադրբեջանական կողմը երեկ 21։00-ից Շուշիի մոտ արգելափակել է ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռ մատակարարող խաղաղապահների մեքենաների տեղաշարժը

 

Երեկ մոտ ժամը 21:00-ից մինչև այսօր մոտ 11:10-ը Ադրբեջանի ուժային մարմինները Շուշիի մոտ արգելափակել են Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը՝ շուրջ 14 ժամ նրանց կանգնեցնելով ճանապարհին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Քիչ առաջ, խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ: Բեռնատարների մեջ եղել են հիմնականում սննդամթերք և կենցաղային պարագաներ, որոնք սահմանված կարգով բեռնվել են Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդի առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու նպատակով:

Փաստորեն, Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ երեկ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին արդեն բացեիբաց փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:

Սա վկայում է այն մասին, որ չնայած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այլ միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն ու միջազգային հանրության բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանը օր-օրի խորացնում է Արցախի ժողովրդի շրջափակումը և սրում անվտանգային ու հումանիտար իրավիճակը:

Վերլուծական