Գյումրիի Հայ Կաթողիկե աթոռանիստ «Սրբոց Նահատակաց» եկեղեցում սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Արհիապատիվ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության կարգը, որով նա ստանձնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդությունը:
Գահակալության կարգը կատարվել է ձեռամբ` Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Հայրապետի։ Գահակալության ընթացքում ընթերցվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի կոնդակը, որով Ֆրանցիսկոս Պապը Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ։
Նա մինչ օրս վարում էր Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական Փոխանորդի և Զմմառի Վանքի Մեծավորի պաշտոնը։