«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար մոտ 30 ստորագրություն է դեռ հավաքվել: Թեեւ Նիկոլ Փաշինյանին նախարարի հրաժարականի հարցով դիմելու համար անհրաժեշտ 24 ձայնը հավաքվել է, բայց, փաստացի, 71 անձից բաղկացած խմբակցությունում դեռ մոտ 30 ստորագրություն են հավաքել երեկվա դրությամբ:
Կարելի է հետեւություն անել, որ կա՛մ ՔՊ-ում նախարարի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել, կա՛մ էլ ՔՊ-ականներին հետ է պահում այն, որ այս նախաձեռնության «ղեկավարը» Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Գրիգոր Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա ՔՊ ղեկավար Հայկ Կոնջորյանը ՔՊ-ականների ստորագրությունները պետք է ներկայացնի Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, ՔՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաեւ, որ քիչ ստորագրությունների պատճառ կարող են լինել պատգամավորների գործուղումները, քանի որ այս օրերին իշխանականների մեծ մասը բացակայել է երկրից, մի մասն էլ խուսափում է ստորագրել, քանի որ կարծում են՝ գուցե այնքան էլ Փաշինյանի սրտով չէ այս նախաձեռնությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է. ուստի դեռ թիմակիցներին իր հստակ որոշման մասին չի հայտնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: