Հետևեք մեզ։

Աբովյանում ջրագծերի խնդիրներ առաջացան, նաև շինարարը Սյունիքում գործ ուներ, իսկ Չարենցավանում մրցույթը շուտով կբացեն․ Կոտայքի մարզպետը՝ ասֆալտապատման աշխատանքների մասին

14:42, 29 ապրիլ 2023
Աբովյանում ջրագծերի խնդիրներ առաջացան, նաև շինարարը Սյունիքում գործ ուներ, իսկ Չարենցավանում մրցույթը շուտով կբացեն․ Կոտայքի մարզպետը՝ ասֆալտապատման աշխատանքների մասին

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե ե՞րբ են սկսելու կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները, քանզի արդեն տարվա կեսին ենք մոտենում, բայց որևէ աշխատանքի մեկնարկ դեռ տրված չէ։

«Հիմա մի քանի ճանապարհների վրա նախագծման աշխատանքներ են իրականացվում, մյուս հատվածում արդեն իսկ ունենք հայտարարված մրցույթ, շինարարն արդեն կա»,-ասաց Ահարոն Սահակյանը։

 

-Իսկ ինչո՞ւ է հիմա նոր մրցույթ հայտարարվում, արդեն մայիսն է մոտենում։ Այս տարվա ծրագրով նախատեսվածը կհասցնե՞ք այս տարի անել։

 

-Անցյալ տարի էլ է հայտարարվել, այս տարի էլ է հայտարարվելու։ Այս տարվա ծրագրով նախատեսվածն անպայման հասցնելու ենք անել, անպայման։

 

-Հիմա Կոտայքի մարզում ի՞նչ ծրագրեր պետք է իրականացնեք։

 

-Կոտայքի մարզում Զովունի-Եղվարդ ճանապարհահատվածն արդեն իսկ սկսվել է, Բալահովիտից Ջրվեժ գնացող, այնուհետև շարունակվողը՝ մինչև Արարատի մարզ, դրա շինարարն  ունենք, իսկ մնացածի մասով՝ Ձորաղբյուրի, Գառնիի հատվածներում նախագծման աշխատանքներ են կատարվում, վստահ եմ՝ այս տարի կհասցնենք։ Չարենցավանում, Բջնիում շուտով մրցույթը կբացվի, և շինարար կունենանք արդեն։

 

-Իսկ ինչո՞ւ է հիմա՝ այսքան ուշ բացվում մրույթը։

 

-Ինձ թվում է՝ դա Ճանապարհային դեպարտամենտի ծանրաբեռնվածության պատճառով է, որովհետև բազմաթիվ են ծրագրերը։

 

-Աբովյանում անցյալ տարի քաղաք մտնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները բավականին երկար տևեցին, ավարտը ձգձգվեց, և դա անհարմարություններ էր առաջացնում քաղաքացիների համար։

 

-Շինարարն արդեն իսկ տուգանվել է ժամկետների խախտման համար, բայց մեկ ամսվա ընթացքում կավարտենք։

 

-Տուգանվում են շինարարները, տուժում են քաղաքացիները։

 

-Բնականաբար։ Դե, այսօր մեր շինարարների հզորությւոնները, ծավալները այդքանի են ներում, ցավոք սրտի։

 

-Չարենցավանում այս տարի մեծ ծրագիր պետք է իրականացնեք՝ մի քանի կմ երկարությմաբ ճանապարհի հիմնանորոգում է նախատեսված, բայց կարծեմ դեռ մրցույթ հայտարարված չէ։ Արդյոք չե՞ք ուշանա ժամկետների մասով։

 

-Ոչ, մրցույթը հայտարարված է Չարենցավանի մասով, բայց դեռ չի բացվել։ Եթե չեմ սխալվում, մինչև մայիսի 5-ը մրցույթը կբացվի։ Նախագիծը արված է, շինարարության մրցույթի փուլում ենք հիմա։

 

-Բայց կվերջացնե՞ք մինչև տարեվերջ, թե՞ Աբովյանի նման կմնա այդպես։

 

-Չէ, կվերջացնենք։ Աբովյանում խնդիրներ առաջացան ջրագծերի հետ կապված, հետո շինարարը Սյունիքում էլ գործ ուներ, նախընտրեց՝ այնտեղ արագ անեն, դրա համար Աբովյանում մի փոքր ուշացավ։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ