Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգացում է ունեցել, որը պետք է շարունակական լինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Բնականաբար բաց նիստում չեմ կարող ասել ինչ ուղղություններով ինչ ունենք, որովհետև դրանք եթե արդեն զինված ուժերում փորձարկում են անցել, մնում է ճիշտ օգտագործվեն։ Ունենք մի շարք ուղղություններով հրաշալի ձեռքբերումներ, բայց գրավչությունն էլ է մեծացել այս տարիների ընթացքում։ Շատ մասնավոր ընկերություններ Հայաստանում ցանկանում են ներդրումներ անել նաև ռազմարդյունաբերության մեջ։ Պետք է այնպես անենք, որ այդ գրավչությունը հանկարծ չկորչի որևէ չինովնիկի պատճառով՝ չլինի այնպես, որ դիմում են այսինչ թույլտվության համար և մեկ տարի կարող է այդ թույլտվությունը չլինել»,-ասաց Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանն իր վերահսկողական ֆունկցիաներն ակտիվ օգտագործելով՝ պետք է աջակցի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին: