Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե որ դեպքում միջուկային զենքը կարող է օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար։
«Բելտա»-ն հայտնում է, որ Լուկաշենկոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է որոշ ժամանակ առաջ իր հայտարարությունը, թե Բելառուսի վրա հարձակումը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս միջուկային դոկտրինում փոփոխություններ կատարելով հաստատել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ այն պահին, երբ ՆԱՏՕ-ն հարձակվի Բելառուսի վրա, նրանք կօգտագործեն միջուկային զենք.
«Մենք միջուկային զենք կօգտագործենք, նրանք կարող են մեզ պատասխանել։ Ուստի Ռուսաստանը կօգտագործի ամբողջ զինանոցը։ Սա արդեն համաշխարհային պատերազմ է։ Արեւմուտքն էլ դա չի ուզում։ Նրանք պատրաստ չեն դրան։ Բայց մենք նրանց հստակ ասում ենք՝ պետական սահմանը կարմիր գիծ է։ Այս հարձակման պատասխանն անհապաղ կլինի։ Մենք պատրաստվում ենք դրան։ Ես ազնվորեն և բաց եմ խոսում այս մասին»։