ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել ֆեդերացիայի անդամներ Գևորգ Գրիգորյանին, Հայկ Կարապետյանին և Գևորգ Գասպարյանին՝ Հայաստանում լեռնագնացություն զարգացնելու և ՀՀ դրոշն ամենաբարձր գագաթներին ծածանելու համար:
«Այս խորհրդանշական գնահատանքով կուզեինք ձեր օրինակը վարակիչ դարձնել մյուսների համար: Հայաստանը լեռնային երկիր է, և լեռնագնացությունը մեր երկրում զարգացման շատ լուրջ ներուժ ունի։ Պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուղղված երեխաների շրջանում լեռնագնացությամբ զբաղվելու խթանմանը: Կարծում եմ՝ ձեր անձնական օրինակը կարող է նման քայլ դիտվել, ցույց տալու, որ բոլոր վերելքներն ու բարդությունները հաղթահարելի են՝ բառի բուն և փոխաբերական իմաստով»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար:
ԿԳՄՍ նախարարն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համագործակցությունը կարևորել է նաև դպրոցականների շրջանում կրթական ծրագրեր իրականացման համատեքստում: Տարիներ առաջ արշավային ակումբների և ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 7 դպրոցներում իրականացրել է լեռնագնացության ծրագիր: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ ծրագրերի շարունակականության հնարավորությունը՝ ընդգծելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչով առանձնակի կարևորվում է դպրոցականների թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական կոփվածությունը:
«Կարծում եմ՝ լեռնագնացությունն ու արշավներն այս նպատակներին հասնելու ամենաուղիղ միջոցներից են: Ծրագիրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցներում, և կարող ենք քննարկել այն շարունակելու հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրել է՝ ՀՊՉ ներդրմամբ դպրոցներում նաև խմբակների իրականացման հնարավորություն է ստեղծվել, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել լեռնագնացության ու արշավների կրթական ծրագիրը խմբակի ձևաչափով իրականացնելու հնարավորությունը՝ նշելով, որ դպրոցի խմբակավարը կարող է լինել նաև հրավիրյալ մասնագետ՝ համապատասխան փորձառությամբ և որակավորմամբ:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, անդրադառնալով սպորտային բաղադրիչին, կարևորել է ժայռամագլցում մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը, որն օլիմպիական մարզաձև է: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում և նաև մի քանի մարզահամալիրներում մագլցման պատեր կան, բայց մարզաձևի զարգացման, ժայռամագլցման մարզիկների պատրաստման տեսանկյունից կարևոր է համապատասխան գույքի առկայությունն առավել մեծ թվով սպորտային կառույցներում:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Սուրեն Դանիելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լեռնագնացությանն առնչվող այլ հարցեր: