Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

20:23, 27 սեպտեմբեր 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Տավուշի մարզի համայնքի ղեկավարի կողմից գործած կեղծիքի վարույթի նյութերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է  ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել են նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է  համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ: 

 

Նշված հանցավոր արարքի համար Կ. Չ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:  

 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: 

 

Վերլուծական