Հետևեք մեզ։

Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ համանախագահող երկրներին, այլ կառույցների՝ բոլոր  հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց հայրենիք․ հայտարարություն

16:56, 29 ապրիլ 2023
Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ համանախագահող երկրներին, այլ կառույցների՝ բոլոր  հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց հայրենիք․ հայտարարություն

Ընդունված՝ 2023թ. ապրիլի 29-ին Երևանում կայացած Ադրբեջանի, Արցախի և Նախիջևանի փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովի կողմից համաժողովը նախաձեռնած հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․ 

«Մենք՝ համաժողովը նախաձեռնած հասարակական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներս, 

-    արձանագրելով, որ 1918 թվականի հիմնադրումից ի վեր Ադրբեջանի դեմոկրատական, Ադրբեջանական ԽՍՀ  և ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը  հարյուր տարուց ավելի է, որ վարել և վարում է այլատյաց, հատկապես հայատյաց, հայահալած ռասիստական քաղաքականություն, որը նպատակ է ունեցել և ունի նախնյաց բնօրրանից, հայրենի օջախներից վտարել կամ տեղում ոչնչացնել հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին,

-    հաշվի առնելով, որ 1988-1991թթ․ Ադրբեջանական ԽՍՀ֊ում, և 1992թ. Ադրբեջանի Հանրապետությունում  պետության կողմից խրախուսված ցեղասպանական գործողությունները (Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, Հյուսիսային Ղարաբաղի հայերի բռնի, ջարդերով ուղեկցվող տեղահանումը) որևէ իրավական քննության չեն ենթարկվել, 

-    Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով այդ տարիներին Հայաստան են բռնագաղթել, փախստական ճանաչվել, կամ այլ երկրներ փախչելով՝ ապաստան հայցել մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ,

-    երեսուն տարվա ընթացքում հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց հայրենիք վերադառնալու և նրանց գույքային կորուստների հատուցման հետ կապված ՄԱԿ֊ի մարդու իրավունքների կոմիտեին ուղղված բազմաթիվ բողոքները իրավական լուծում չեն ստացել և մնացել են անարձագանք,

-    նկատի ունենալով, որ փախստականները և բռնի տեղահանվածները մի շարք միջազգային պայմանագրերի համաձայն կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք, կամ հայրենիքի այն հատվածը, որում հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները, իսկ հայ փախստականների և տեղահանվածների համար վտանգի պայմանները ոչ միայն չեն վերացել, այլև 1988թ.-ից հետո Ադրբեջանում և Նախիջևանում պետական քաղաքականությամբ ուժեղացել են հայատյացությունը և հաշվեհարդարի  սպառնալիքները, 

-    հաշվի առնելով, որ 1988-1992թթ․ հետո երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականությունը միայն ուժեղացել է, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանվել և Հայաստանում և այլ երկրներում ապաստան են գտել հազարավոր հայեր, իսկ Արցախում կուտակվել են ներքին տեղահանվածներ, որով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում առաջացել է փախստականությանն առնչվող ահռելի խնդիրներ,

-    հաշվի առնելով, որ 2020թ. Արցախի փախստականները դեռևս հստակ իրավական կարգավիճակ չունեն, որի հետևանքով նրանք կարող են դուրս մնալ Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի ՄԱԿ֊ի կոնվենցիայի շրջանակից և պաշտպանությունից, 

-    հաշվի առնելով, որ Ադրբեջանից և Արցախից բռնի տեղահանված և իրենց մշտական բնօրրանը ժամանակավորապես կամ մշտապես կորցրած մեր հայրենակիցները ունեն քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական և  հումանիտար/մարդասիրական աջակցության լուրջ կարիք, իսկ Արցախում մնացած հայությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական ուժի լուրջ սպառնալիքի տալ,

-    գտնելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, չնայած Ադրբեջանի վերհասկողության տակ գտնվող տարածքներից փախստականների և բռնի տեղահանված անձանց Հայաստանում ապաստանած փախստականների և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների բազմաթիվ խնդարնքներին և պահանջներին,  ա/ 35 տարիների ընթացքում նրանց նկատմամբ վարել են բացառապես հումանիտար-սոցիալական քաղաքականություն, բ/ Ադրբեջանի ակնհայտ հայատյաց, ռասիստական քաղաքականության գործողությունների նկատմամբ իրավական քննության գործընթաց չեն ծրագրավորել և  չեն հետապնդել, մեր կարծիքով՝ նույնիսկ ռազմավարություն չեն ունեցել Ադրբեջանի վերահսկողության տարածքից  փախստականների վերադարձի և գույքային կորուստների հատուցման խնդիրների նկատմամբ, գ/  Հայաստանում ապաստանած փախստականների քաղաքական շահերը և հեռանկարները հաշվի չեն առել, դ/  շատ պասիվ են եղել հատկապես վերջին 35 տարիներին Ադրբեջանում խիստ ուժեղացած մեր պատմության և մեր ազգային ինքնության կեղծարարության,  մեր մշակութային ժառանգության ոչնչացման դեմ պայքարի հարցում, 

-    տեսնելով, որ նույնիսկ 2020թ. ագրեսիվ, հանցավոր պատերազմի հետևանքով առաջացած նոր փախստականության վերաբերյալ Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով նախատեսված «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո» որոշումը որևէ ընթացք չի ստանում, իսկ Ադրբեջանի իշխանությունները այն միակողմանիորեն  ընթացքի մեջ են դրել և հայ փախստականների կողմից լքված բնակավայրերում առանց որևէ վերահսկողության արդեն բնակեցնում են մեզ անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով,  


հայտարարում ենք. 


-    Հայաստանի Հանրապետության և Արցախի կառավարությունները պետք է միջազգային քաղաքական և իրավական գործընթաց (այդ թվում միջազգային դատական գործընթաց) սկսեն Ադրբեջանում իրականացված ցեղասպանական գործողությունների (այդ թվում՝ Ադրբեջանական պետության կողմից խրախուսված և կազմակերպված Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ քաղաքներում հայկական ջարդերի) համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու և հատուցում պահանջելու գործով, 

-    Ադրբեջանից և Արցախից  փախած և բռնի տեղահված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է ճանաչվի որպես Հայաստանի և Արցախի հանրապետությունների առաջնահերթություն,

-    Փախստականներին և բռնի տեղահանված անձանց հասցված բոլոր վնասները ենթակա են համարժեք, արդարացի փոխհատուցման: Փախստականներին և բռնի տեղաշարժի ենթարկված անձանց հասցված վնասի փոխհատուցման չափն ու ձևերը պետք է որոշվեն միջազգայնորեն ճանաչված սկզբունքների համաձայն:

-    Բոլոր  հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները, առնվազն նրանք, ովքեր ցանկանում են, պետք է հնարավորություն ստանան վերադառնալ իրենց հայրենիքի՝ իրենց կողմից նապխընտրած վայր՝և այնտեղ պետք է  բոլոր երաշխիքներով ապահովել նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում նրանց ինքնության անվտանգությունը: 

-    Առաջարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել անընդհատ փախստականներ ծնող Ադրբեջանի քաղաքականությունը և դրանից բխող սպառնալիքները, 

-    Խնդրում և առաջարկում  ենք այն միջազգային կառույցներին, որոնց անդամներ են թե Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հանդես գալ միջնորդային առաքելությամբ  փախստականների խնդիրը լուծելու համար, 

-    պահանջել վերականգնել Ադրբեջանի կողմից ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմա-մշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերակագնել նրանց կեղծած ինքնությունները, 

-    2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ռազմական ագրեսիայի հետևանքով փախստական դարձած բոլոր արցախցիները և ներքին տեղահանվածները պետք է հնարավորություն ստանան վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը՝ դրա համար ստանալով իրենց կողմից պահանջված իրական երկարաժամկետ երաշխիքներ, 

-    Այդ գործընթացը կարող է սկսվել բացառապես Ադրբեջանի, ՌԴ նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետն իրականացնելուց հետո, որի համաձայն «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Փաստացի արդեն 6-րդ ամիսն է՝ այդ միջանցքով Արցախի ու Հայաստանի միջև կապը խաթարված է, ինչը հանգեցնում է հումանիտար աղետի վտանգի։ Ներկա պահին Արցախի բնակչությունը Ադրբեջանի պատանդն է, և արցախցի փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի  ճանապարհը գործնականում փակ է:
-    Նույն հայտարարության 7-րդ կետով «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ տեղյա՞կ են արդյոք նրանք Ադրբեջանից ներքին տեղահանվածներին միակողմանի բնակեցնելու գործողություններին և վերահսկու՞մ են արդյոք այն, գիտե՞ն արդյոք, թե ում են բնակեցնում և վերջապես ինչու՞ է Ադրբեջանն այդ գործողությունն սկսել միակողմանի, 
-    Հայաստանի Հանրապետության և Արցախի իշանություններին խնդրում և առաջարկում ենք միջազգային իրավական գործընթաց սկսել, ինչպես նաև մինչև 1988թ. հայերով բնակեցված, բայց ներկա պահին հայթափված տարածքներում մեր մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի փաստերի առնչությամբ, 
-    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ համալսարաններին խնդրում և առաջարկում ենք մեկ ընդհանուր փաթեթով հանրայնացնել Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի անվան տակ հրատարակված գրքերի, հոդվածների և աղբյուրների կեղծարարության փաստերը,  գիտական հանրությանը՝  այլ երկրների գիտական ակադեմիաներին և համալսարաններին փաստերով տեղեկացնել Ադրբեջանում գիտությունը ռասիստական քաղաքական նպատակներին և էթնոֆոբիային ծառայեցնելու լայնածավալ գործունեության մասին:  Այս հարցում խոսքը գնում է ոչ միայն հայ ժողովրդի պատմության, այլև Ադրբեջանի տեղաբնիկ կովկասալեզու և իրանալեզու բոլոր ժողովուրդների ինքնության և Ադրբեջանին հարևան բոլոր երկրների պատմության կեղծարարության մասին, որով նաև նույն ադրբեջանցիների պատմության հյուսվածքի կեղծարարության մասին: 

Միաժամանակ պնդում ենք, որ

  - առանց Հայաստանի Հանրապետության անմիջական մասնակցության և միջազգային  աջակցության անհնար է հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններով և գործունեությամբ ապահովել ադրբեջանահայ փախստականների և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, նրանց ոտնահարված իրավունքների և շահերի վերականգնումը։ 

Այս համատեքստում հորդորում ենք․

1.    Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ձևավորել  «Փախստականների հարցերով» զբաղվող  իրավասու պետական մարմին, կազմակերպություն կամ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, որի  օժանդակությամբ կմշակվի և շահագրգիռ հանրության քննարկմանը կներկայացվի հայ փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ ազգային կամ պետական քաղաքականության ռազմավարության կամ հայեցակարգի նախագիծ։ Հետագայում այդ ռազմավարությունը կամ հայեցակարգը կդառնա Հայաստանի Հանրապետության կողմից վարվող պետական քաղաքականության մաս և ուղենիշ կլինի ոչ միայն ՀՀ դիվանագիտական մարմինների համար, այլև փախստականների հարցերով հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների համար: 


2.    Առանձին կոչով դիմում ենք նաև Արցախի Հանրապետության իշխանություններին և հորդորում․

ստանձնել լիարժեք քաղաքական պատասխանատվություն ոչ միայն Արցախում ապաստանած փախստականների կամ ադրբեջանական օկուպացիայի հետևանքով հայրենիքից վտարված արցախցիների, այլև Ադրբեջանից բռնագաղթված և փաստացի փախստական հանդիսացող մեր աշխարհասփյուռ բոլոր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության հարցում:

3.    Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների իշխանություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ մեր կողմից բարձրացվող հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այդ համատեքստում արդյունավետ համագործակցության մեջ մեզ ներգրավելու կոչով:

4.    Մասնավոր կոչով դիմում ենք Ադրբեջանից, Արցախից և Նախիջևանից տարբեր ժամանակներում բռնագաղթած և աշխարհի տարբեր երկրներում ապաստանած մեր հայրենակիցներին, նրանց ժառանգներին, ինչպես նաև հայ փախստականության խնդիրներով տարիներ շարունակ զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով համախմբվել մեկ հարթակում և միավորել մեր ջանքերն ու ռեսուրսները՝ մեր հայրենակից փախստականների և տեղահանվածների ընդհանուր շահերի համար պայքարի, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու գործում:  
Սույնով ազդարարում ենք այդ գաղափարի իրագործման համար ընդհանուր հարթակ ձևավորելու  նպատակի մասին»։