Hayastan.news-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը մեկնաբանել է Եռաբլուրում Ալեն Սիմոնյանի արտահայտությունները, որտեղ Սիմոնյանը հրահանգում է տանել Մետաքսե Հակոբյանին և դա անում է չափազանց անհագալից:
«Ես գրական հայերենով փաստ արձանագրեցի, ասելով, որ իրենք հայասպան են, ցեղասպան են և արյունով շաղախված են և որին ի պատասխան ես ստացա իր տեսակին համապատասխան արձագանք: Դա ինչ-որ վեճ չէր, դա մարդկային երկու իրականության բախումն էր, հայրենատիրության և անհայրենիքի բախումն էր»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:
Հարցին, թե արդյո՞ք սպասում էր նման պահվածք Ալեն Սիմոնյանի կողմից, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ սպասում էր, քանի որ արդեն մեկ անգամ Ալեն Սիմոնյանը զգուշացրել էր թիկնապահներին ուշադիր լինել իր հանդեպ: Մետաքսե Հակոբյանի խոսքով` երեքից չորս աժդահաներ վերահսկում էին իրեն:
«Չորս տարի անց էլ զգացումները նույնն են, պատերազմը չի ավարտվել, պատերազմը մնացել է մեր մեջ, պատերազմը իրականում կախված է օդում: Մենք չենք էլ վերապրելու, քանի դեռ այս պատերազմը հրահրող գլխավոր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել: Ամոթ է, որ այսօր նման մարդիկ են ներկայացնում մեր երկիրը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Հարցին, թե արդյո՞ք տեսնում է որևէ միտում այս օրերին Թուրքիայի նախագահի, նրա կնոջ հետ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հանդիուպմներում, պատգամավորը պատասխանեց.
«Իհարկե հատուկ են արել, իրենք սիմվոլների արքաներն են: Մինչ այդ մենք սիմվոլների արքաներ ընդունում էինք Ադրբեջանին, հիմա նրանց է միացել հայաստանյան իշխանությունը: Նախկինում մենք սեպտեմբեր ամսում մեր գլուխները բարձր էինք պահում Արցախի ու Հայաստանի անկախության համար, հիմա իրենք իրենց սիմվոլիկայով հանդերձ այնպես են անում, որ մենք այս օրերին գլուխներս կախ լինենք ու տարբեր զգացումներով շարունակենք պայքարել: Պատահական չէր, որ իրենք այս ժամանակահատվածում հանդիպեցին այն մարդկանց հետ, ովքեր Ադրբեջանին հորդորում էին գերիներին չվերադարձնել Հայաստանին»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը, հավելելով, որ Եռաբլուր գնում է ամեն անգամ վերահաստատելու հայրենիքի համար նահատակված տղաների պահանջը: