Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ։
Քրիստոնեական Եկեղեցիներից և կազմակերպություններից միջեկեղեցական հանդիպմանը ներկա էին Հռոմի Կաթոլիկ, Ռուս Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ, Հնդիկ Մալաբար, Սերբիայի Ուղղափառ, Ռումինիայի Ուղղափառ, Բուլղարիայի Ուղղափառ, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ, Հունաստանի Ուղղափառ, Ֆինլանդիայի Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Արևելքի Ասորական, Հայ Կաթողիկե, Ֆինլանդիայի Լյութերական, Հայ Ավետարանկան Եկեղեցիների, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության, Ռենովաբիս բարեգործական կազմակերպության, Եկեղեցիների Համաշխարհային և Եվրոպական Խորհրդի պատվիրակություններն ու ներկայացուցիչները:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Հայր Սուրբն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման կարևորությանը, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնեց Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին սրբազան արարողություններին մասնակից և աղոթակից լինելու համար։
Այնուհետև ուրախալի այս առիթով իրենց հովվապետերի ուղերձներով և ողջույնի խոսքերով հանդես եկան Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ներկայացուցիչ Սմոլենսկի և Դորոգոբուժի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Իսիդորը, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցուց Արքեպիսկոպոս Տապիո Լուոման, Անտիոքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Բեյրութի արքեպիսկոպոս Գերաշնորհ Մոր Կլեմիս Դանիել Կյուրիեն, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Կենտրոնական կոմիտեի ատենապետ դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Սթրոհմը, Եվրոպայի Եկեղեցիների խորհրդի նախագահ Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Նիկիտասը, Փարիզի և Հյուսիսային Ֆրանսիայի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկ եպիսկոպոսը, Հունաստանի Ուղղափառ Եկեղեցուց Սալոնիայի առաջնորդ Գերաշնորհ Իգնատիոս եպիսկոպոս Սոտիրիադիսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցուց Գերաշնորհ Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտեանուն, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Եպիսկոպոսական Սինոդի քարտուղար, Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Յուհանոն Մար Քրիսոստոմոսը, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ Եկեղեցուց Միխալովեցկի և Կոշիցեի առաջնորդ Գերաշնորհ Յուրայ արքեպիսկոպոսը, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Լիպլյանի առաջնորդ Գերաշնորհ Դոսիտեյ եպիսկոպոսը, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցուց Տիմո ավագ քահանա Տինքկինեն, Ռենովաբիս բարեգործական կազմակերպությունից դոկտոր Մարկուս Ինգենլաթը և Արևելքի Ասորական Եկեղեցու Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարսայ եպիսկոպոս Բենիամինը։
Հանդիպման ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ Հայաստանի «Նոր անուններ» երաժշտական խումբը։
Վերջում աշխարհի տարբեր վայրերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականներին իր ողջույնը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: