Հետևեք մեզ։

Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ սահմանները հատելելիս պարտադիր պետք է ներկայացնեն փախստականի կարգավիճակը հավաստող վկայականը․ ՄՔԾ պետի տեղակալ

23:50, 28 սեպտեմբեր 2024
Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ սահմանները հատելելիս պարտադիր պետք է ներկայացնեն փախստականի կարգավիճակը հավաստող վկայականը․ ՄՔԾ պետի տեղակալ

Արցախից բռնի տեղահանված անձինք, ովքեր ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, այսինքն համարվում են փախստական, ՀՀ սահմանները հատելելիս պարտադիր պետք է ներկայացնեն կարգավիճակը հավաստող վկայականը։

 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը նշել է, որ դա արվում է բացառապես անվտանգության նկատառումներով, նպատակը՝ այդ անձանց պաշտպանելն է։

 

«Ադրբեջանը հայտարարել էր, որ մի շարք արցախցիների նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Չի բացառվում, որ նման բան կա։  Երբ արդեն կա քաղաքացիություն և տվյալ երկրի քաղաքացու նկատմամբ մեկ այլ երկիր հայտարարել է հետախուզում, նախ կապ է հաստատվում քաղաքացու պետության հետ, այսինքն անձն արդեն ունի տվյալ պետության պաշտպանությունը։ Եթե չկա քաղաքացիություն, այդտեղ կա վտանգ։ Գոնե պետք է ֆիքսել, որ անձը փախստական է, չունի քաղաքացիություն, բայց ունի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի կապը մեզ հետ հաստատեն, ոչ թե հետախուզում հայտարարած երկրի։ Փախստականի կարգավիճակը հավաստող վկայականը թույլ է տալիս, որ սահմանն անվտանգ անցնեն։ Իսկ, եթե անձը ստանում է քաղաքացիություն սահմանը հատելիս, եթե առաջանա խնդիր այսպես, թե այնպես կապը հաստատվելու է քաղաքացու երկրի հետ, այսինքն Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի»,- պարզաբանել է Նելլի Դավթյանը։