Աբգարս չորս տարի առաջ զոհվեց։ Մենք չգիտեինք, մտքներովս անգամ չէր անցնում։
Աբգարս ամեն կերպ հասկացնում էր, որ երկնքում է, իսկ մենք նրան փնտրում էինք մինչեւ 2021_ի հունվարի երեքը։ Այս մասին գրել է նահատակված հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Աբգարս զոհվեց քաջի կռիվ տալով, անվախ, մինչեւ վերջ դեմքով դեպի թշնամին։ Աբգարս զոհվեց հանուն Արցախ աշխարհի, հանուն մեր բոլոր աշխարհների, հանուն Հայաստանի։
Բայց մի կարեւոր հարց կա, որի պատասխանը մենք պարտավոր ենք գտնել։ Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը, երբ եւ ինչպես։
Սա հարցերի հարցն է։ Եւ տղերքը երկնքում, մեր բոլոր ժամանակների նահատակները ուզում են, որ մենք այս հարցին տանք անկեղծ, եթե կուզեք գիտականորեն հիմնված պատասխան, առանց ստի, առանց կեղծիքի, առանց պաթոսի, քանի որ առանց այդ հարցին պատասխանելու առաջ շարժվել չենք կարող ու մնալու ենք 2020_ի նոյեմբերի 9-ի մեջ։
Իսկական լրագրողները, իսկական լրատվամիջոցները պետք է խնդիր դնեն քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում կառավարող ուժից ստանալ այս հարցի պատասխանը։
Հարցը մեկ անգամ եւս նշեմ` հնարավո՞ր էր կանխել պատերազմը, երբ եւ ինչպես։ Աբգար ջան, անդադար կարոտում եմ...»։