Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար եւ բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։
Այս համատեքստում Նուբար Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի ստեղծման մասին՝ պատրաստակամաություն հայտնելով դրա շրջանակներում համագործակցել Կառավարության հետ Հայաստանի զարգացման կարիքներին ուղղված նոր ծրագրեր իրականացնելու գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ եւ նոր ուղղությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։